Թյուրքական խորհուրդը վերակազմակերպվել է՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն. Էրդողան
Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ) կվերանվանվի Թյուրքական պետությունների կազմակերպության:
Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կազմակերպության VIII գագաթնաժողովի արդյունքների մասին մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ կազմակերպության վերանվանումն ու վերակազմակերպումը հանգեցնում է դրա առավել ինտենսիվ զարգացման:
Նրա խոսքով՝ հազարամյակներ շարունակ թյուրքական երկրները մնացել են մշակույթի եւ քաղաքակրթության կենտրոն, եւ «Արեւը դարձյալ կծագի Արեւելքից»:
«Թյուրքական պետությունների կազմակերպությունը չպետք է ոչ ոքի անհանգստացնի: Ընդհակառակը, այն պետք է ձգտի դառնալ այդ կառուցվածքի մասը, որը հիմնված է պատմական ընդհանրության վրա: Դա միջպետական կապերի զարգացման հարթակ է»,-ասել է Թուրքիայի առաջնորդը:
Նա նշել է, որ մինչեւ 2040 թվականը Թյուրքական աշխարհի հայեցակարգը հաստատելով՝ գագաթնաժողովի մասնակիցները հստակեցրել են Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացման հեռանկարները:
«Կանաչ տեխնոլոգիաներ եւ խելացի քաղաքներ թվային դարաշրջանում» խորագրով գագաթնաժողովին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեւը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
2009 թվականի հոկտեմբերին ստեղծված Թյուրքական խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ժամանակակից թյուրքական պետությունները եւ որի գլխավոր նպատակն է դրանց միջեւ բազմակողմանի համագործակցության ստեղծումը: Դրա կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, իսկ որպես դիտորդ մասնակցում է նաեւ Հունգարիան:
News.am