Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական կառույցներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i157744-Հալեպի_նահանգապետը_պատրաստակամություն_է_հայտնել_օժանդակություն_ցուցաբերել_հայկական_կառույցներին
Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը Հալեպում հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2021 14:07 Asia/Tehran
  • Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական կառույցներին

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը Հալեպում հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ:

«Աշխատանքային այցով Հալեպում գտնվող ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը ս/թ. դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հալեպի նահանգում առկա սոցիալ-տնտեսական հարցերը, այդ թվում՝ հալեպահայ համայնքի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, ինչպես նաև նահանգի հետպատերազմյա վերականգնման աշխատանքների ընթացքը: Դեսպան Տ. Գևորգյանը նահանգապետին տեղեկացրել է, որ Հալեպ է ժամանել Հայաստանի Հանրապետության ՙՙՀումանիտար ականազերծման և փորձագիտական՚՚ Կենտրոնի առաքելության հերթական՝ 8-րդ հերթափոխը: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ հումանիտար առաքելության նախորդ հերթափոխերի աշխատանքների արդյունքում Հալեպի նահանգում ականազերծվել է ավելի քան 750 հազար քառակուսի մետր տարածք, վնասազերծվել է 580 միավոր պայթուցիկ սարքեր, իսկ առաքելության կազմում գործող հայ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նահանգի շուրջ 36 հազար բնակչի:Նահանգապետ Դիաբը խորին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին՝ դժվարին այս շրջանում Սիրիայի ժողովրդին օգնության և բարեկամության ձեռք մեկնելու համար: Վերջինս պատրաստակամություն է հայտնել իր կողմից անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հալեպում գործող հայկական եկեեցիներին, դպրոցներին, մշակութային ու մարզական միություններին և, առհասարակ, հալեպահայ համայնքին:Նույն օրը՝ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Հայաստանի հումանիտար առաքելության կենտրոնակայն, որտեղ հանդիպում է ունեցել առաքելության ղեկավարության, հումանիտար ականազերծում իրականացնող խմբի մասնագետների և բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ծանոթացել է կատարված աշխատանքների ծավալներին, ինչպես նաև քննարկվել են Հալեպի նահանգում առաջիկայում իրականացվելիք գործառույթները: Տ. Գևորգյանը բարձր է գնահատել հումանիտար առաքելության ներկայացուցիչների մասնագիտական հմտություններն ու կարողություննը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:Այցի շրջանակներում Սիրիայում ՀՀ դեսպանը զրույց է ունեցել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր /ընտրված Հալեպ քաղաքից/, Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուսին Իսքենյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման և համագործակցության ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ:Դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև հալեպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել է համայնքի առջև ծառացած հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հյուպատոսական բնույթի բազմաթիվ հարցեր: Այդ կապակցությամբ, դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ վերջինիս աշխատանքների ակտիվացման և արդյունավետության բարձրացման խնդիրների վերաբերյալ: Տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում:

civic.am/politics