18 հազար սիրիացիներ վաճառել են իրենց ներքին օրգանները
Սիրիայում արդեն հինգ տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով աճել է մարդկային օրգանների վաճառքի բիզնեսը: Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն շուրջ 18 հազար սիրիացիներ վաճառել են իրենց ներքին օրգանները սև շուկայում: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Դամասկոսի համալսարանի դատաբժշկական ամբիոնի վարիչ և Դատական բշկության գլխավոր վարչության տնօրեն Հուսեյն Նաուֆալը նշում է, որ օրգանների վաճառքը հիմնականում կազմակերպվում է փախստականների ճամբարներում` Լիբանանում, Թուրքիայում և Սիրիայի հարևան մյուս երկրներում: Լոնդոնում հրապարակվող արաբական «Հայաթ» պարբերականի համաձայն մարդկային օրգանների գինը տարբերվում է մի երկրից մյուսը. Թուքիայում մեկ երիկամն արժե 10 հազար ամերիկյան դոլար, մինչդեռ Իրաքում չի գերազանցում հազարը , իսկ Սիրիայում և Լիբանանում շուրջ 3000 դոլար: Սիրիացիների ներքին օրգանների վաճառքի սև շուկան իր ծավալներով գերազանցում է անչափահասների ամուսնության առևտրին, մարդկային շահագործմանը (թրաֆիքինգ) և մուրացկանությանը: «Ալ Հայաթը»-ի փոխանցմամբ վաճառքի ցանցերը վարողները մեծամասամբ բժիշկներ են և անվտանգության մարմինների կեղծ աշխատողները: Նշվում է նաև, որ վաճառքն իրականացվում է օրգանի տիրոջ համաձայնությամբ` հիմնականում գումար հայթայթելու և Եվրոպայում ապաստան ստանալու դիմաց: Սիրիացի փաստաբանները և բժիշկների միության ղեկավարները նշել են, որ վաճառքի ցանցերը կարող են ավելի լայն տարածում ստանալ, եթե դիտարկման և հետախուզական ջանքերը չուղղվեն երևույթը ճնշելուն և դրա մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելուն:
Ankakh.com
17/5/2016