Լիբանանը զգուշացրել է Իսրայելին զերծ մնալ «ցանկացած ագրեսիայից» վիճելի ջրերում
Լիբանանը կիրակի Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ վիճելի ջրերում ցանկացած «ագրեսիվ գործողությունից». երկու պետություններն այդ ջրերում ծովային էներգետիկա զարգացնելու հույս ունեն։ Զգուշացումն արվել է այն բանից հետո, երբ ծովափին է մոտեցել Իսրայելի գազարդյունահանող նավը, տեղեկացրել է Reuters-ը։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ վիճելի գոտում ցանկացած գործողություն հավասարազոր է ագրեսիայի ակտի եւ սադրանքի՝ բնական գազ արդյունահանող նավի ժամանելուց հետո, որը կառավարվում է լոնդոնյան Energean ընկերության կողմից։
Իսրայելը հավաստիացրել է, որ այդ հանքավայրն իր բացառիկ տնտեսական գոտում է գտնվում, այլ ոչ թե վիճելի ջրերում։
Բայց Լիբանանի նախագահի հայտարարությունում նշվել է, որ Աունը ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միկատիի հետ քննարկել է նավի մուտքը Իսրայելի հետ «վիճելի ծովային գոտի եւ խնդրել է բանակի հրամանատարությանը իրեն ճիշտ եւ պաշտոնական տվյալներ ներկայացնել հարցի լուծման համար»։
Լիբանանի նախագահի խոսքով՝ հարավային ծովային սահմանի գծման բանակցությունները շարունակվում են, եւ «ցանկացած գործողություն կամ ակտիվություն վիճելի գոտում սադրանք է եւ ագրեսիա»։
Իսրայելի կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել Աունի հայտարարությանը։ Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլահարարը ողջունել է նավի մուտքը եւ հույս հայտնել, որ այն արագ կգործարկվի։
«Մենք կշարունակենք աշխատել էներգետիկ շուկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ եւ կայունություն ու հուսալիություն կպահպանենք»,- ասել է նա։
Energean ընկերությունը տեղեկացրել է, որ իր նավը կիրակի մտել է Կարիշ հանքավայր, որը Հայֆա քաղաքից մոտ 80 կիլոմետր արեւմուտք է՝ Իսրայելի բացառիկ տնտեսական գոտում։ Ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է այն շահագործման մեջ մտցնել երրորդ եռամսյակում։
Ե՛վ Իսրայելը, ե՛ւ Լիբանանը Միավորված Ազգերի Կազմակերպությունում հանդես են եկել հավակնություններով իրենց ծովային սահմանի հետ կապված։ Լիբանանը հավաստիացրել է, որ իր սահմանը ծովում խորանում է դեպի հարավ անկյան տակ, իսկ Իսրայելի հավակնությունները ձգվում են դեպի հյուսիս՝ վիճելի ջրերի եռանկյունի ստեղծելով։
news.am