Էլ-Ֆալուջայում ԴԱԻՇ-ի կողմից սպառնալիքի տակ են հազարավոր երեխաներ. ՅՈՒՆԻՍԵՖ
Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում առնվազն 20 000 երեխա մնում է ԴԱԻՇ-ի կողմից սպառնալիքի տակ, նաև տառապում է ջրի և սննդի պակասից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվարկներով՝ առնվազն 20 000 երեխա մնում է Էլ-Ֆալուջայի սահմաններում՝ Բաղդադից 60 կմ հեռու: Մեր տվյալներով՝ սննդամթերքները և դեղերը վերջանում են, դիտվում է նաև խմելու ջրի պակաս»,- ասվում է Իրաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փիթեր Հոքինսի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները երեխաներին ստիպում են մտնել իրենց շարքերը: «Երեխաները, որոնք բռնի կերպով ներգրավված են ռազմական գործողություններին մասնակցությանը, ռիսկի են ենթարկում կյանքը և իրենց ապագան, նրանց ստիպում են զենք գործածել և կռվել մեծահասակների դեմ»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Էլ-Ֆալուջայում ռազմական գործողություն սկսելուց հետո քաղաքի բնակիչների մեծ մասը տեղափոխվել է 2 ժամանակավոր ճամբար, նրանց մի մասը ապաստան է գտել հարազատների մոտ:
Կազմակերպությունը բոլոր կռվող կողմերին կոչ է արել պաշտպանել անչափահասներին, նաև նրանց հնարավորություն տրամադրել անվտանգ լքելու քաղաքը:
Իրաքցի զինվորականները մեկ շաբաթ առաջ Էլ-Ֆալուջայի ազատագրման գործողություն են սկսել: Այդ ընթացքում բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Բացի դրանից՝ սպանվել է ԴԱԻՇ-ի քաղաքային բջջի առաջնորդ՝ հայտնի որպես Հաջի Համզա: Էլ-Ֆալուջան գտնվում է Բաղդադից արևմուտք, ԴԱԻՇ-ի գրոհայինների ձեռքում է 2014 թվականից:
Բացի դրանից՝ անցած շաբաթ քրդական ջոկատները խոշոր հարձակում են սկսել ահաբեկիչների դիրքերի վրա Մոսուլից հյուսիս, գործողությանը ներգրավված է մոտ 5 000 մարդ: