Հունիս 21, 2024 11:21 Asia/Tehran
  • Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ՀՀ  ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի անկախությունը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ–ն տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է:

«ՀՀ–ն կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը։ Հայաստանը նաև միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին: Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում»,– ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Հայաստանը շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ:  ՀՀ ԱԳՆ–ից ընդգծում են, որ միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին:

Նշենք, որ այս տարվա մայիսի 28–ին Պաղեստինը ճանաչել են Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:

 

 

Պիտակ