Իսրայելը շարունակում Է հարձակումները Գազայի տարբեր շրջանների վրա
Սիոնիստական ռեժիմը շարունակում է Գազայի հատվածի դեմ հարձակումները։
«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական օկուպանտ ուժերը պատերազմի 279-րդ օրը ռմբակոծել են Գազայի հատվածում գտնվող Ալ-Ռամալ, Թալ Էլ-Հավի, Խան Յունես և Ալ-Սաբրա տարածքները։
Ռաֆահի բնակելի տների ռմբակոծումից բացի, սիոնիստները ռմբակոծել են նաև Ալ-Շիֆա հիվանդանոցային համալիրը, որը գտնվում է Գազա քաղաքից արևմուտք, և Խան Յունեսից ու Ալ-Նուսիրաթ ճամբարից արևելք ընկած հատվածները:
CNN հայտնում է, որ ճամբարի ռմբակոծության հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 40 պաղեստինցի։
Խան Յունեսից արևելք գտնվող Աբսան քաղաքի՝ փախստականների ճամբարի վերածված Ալ-Ուդա դպրոցի վրա հարձակման հետևանքով, զոհվել է ավելի քան 30 մարդ։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ, և ազատված բանտարկյալների սարսափելի վկայությունները և դաժան գործողությունների հետքերը վկայում են ռեժիմի բանտերում իրականացվող խոշտանգումների մասին։
Խմբավորումը հայտարարել է, որ Սիոնիստական բանտերում պաղեստինցի բանտարկյալների խոշտանգումները շատ անգամ ավելի դաժան են, քան Գուանտանամո և Աբու Ղորեյբ բանտերում կատարված վայրագությունները և իսրայելական բանակը խախտում է գերիների վերաբերյալ բոլոր միջազգային պայմանագրերն ու օրենքները։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ միջազգային հանրությունը, Միջազգային քրեական դատարանը, ՄԱԿ-ը և կազմակերպությանը կից մարմինները պետք է անհապաղ միջամտեն՝ կանխելու Սիոնիստական ռեժիմի հանցավոր վարքագիծը, ինչպես նաև այցելեն գերիներին և նրանց խոշտանգումների գործերով հետաքննություն անցկացնելու համար ստեղծեն համապատասխան հանձնաժողովներ։
Գազայի պատերազմից 9 ամիս անց Սիոնիստական ռեժիմը ջարդերից, ավերածություններից, ռազմական հանցագործություններից, միջազգային օրենքների խախտումներից, օգնության կազմակերպությունների ռմբակոծումից և սովի տարածումից բացի, այլ արդյունքի չի հասել։
Արդեն 9 ամիս ռեժիմին չի հաջողվում Դիմադրության խմբերին ստիպել հանձնվել, իսկ իր հանցագործությունների հետևանքով Իսրայելը հեղինակազրկվել է ամբողջ աշխարհում։
Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում զոհերի թիվը հասել է 38 հազար 295, իսկ վիրավորներինը՝ 88 հազար 241 հոգու։