ՄԱԿ. Իսրայելի գործողությունները Գազայում հանցագործության նշաններ են պարունակում
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում, ներառյալ հարձակումները խիտ բնակեցված տարածքների վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են սպանվել, կրում են հանցագործության նշաններ:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Ժնևում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի խոսնակ Յենս Լաերկեն ասել է.«Գազայում մարդկային կյանքի և արժանապատվության անողոք անտեսում կա: Պատերազմական գործողությունները, որոնց մենք ականատես եղանք, կրում են բարբարոսական հանցագործությունների բնորոշ նշաններ։ Ամեն օր մենք ականատես ենք լինում երեխաների, բուժաշխատողների սպանությունների, մարդկանց բռնի տեղահանման՝ առանց գոյատևման որևէ միջոցի»:
Յենս Լաերկեն ընդգծել է, որ պարենային և բժշկական պաշարները շատ արագ են սպառվում, քանի որ Իսրայելի իշխանությունները մարտի 2-ից արգելափակել են Գազա օգնության առաքումը:
Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ Գազայում մնում է 5 հազար 700 տոննա պարենի պաշար, ինչը բավարար է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում ժողովրդի կարիքները հոգալու համար:
Ըստ այս հաղորդագրության՝ Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ճնշող քաղաքականության շրջանակներում, Բենիամին Նեթանյահուն հրաման է արձակել ամբողջությամբ դադարեցնել Գազայի հատվածին մարդասիրական օգնությունը և փակել դեպի Գազա բոլոր մուտքերը։ Արդյունքում տարածաշրջանում առաջացել է հումանիտար ճգնաժամ։
Քարամ Աբու Սալեմ և Ռաֆահ, ինչպես նաև մի շարք այլ անցակետերի փակումը, որոնք Գազա սննդի, դեղորայքի և վառելիքի մուտքի հիմնական ուղիներն էին, առաջացրել է տարածաշրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս։ Մարդու իրավունքների և օգնության կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են, որ Սիոնիստական ռեժիմի այս քայլը Գազայի բնակիչներին կանգնեցրել է սովի շեմին։