ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին Ռաֆահում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ
ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է Իսրայելի կողմից Ռաֆահի թունելներում ՀԱՄԱՍ-ի անդամների սպանություններն ու ձերբակալությունները։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ այս գործողությունները Գազայում հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում են, այն խաթարելու ու ոչնչացնելու փորձ։
Շարժումը հավելել է, որ Իսրայելի վերջին քայլերն ուղիղ հարձակում են խաղաղության համաձայնագրի վրա։
ՀԱՄԱՍ հայտնել է, որ նախորդ ամսվա ընթացքում աշխատել են միջնորդների հետ՝ շրջափակված պաղեստինցի մարտիկների հարցը լուծելու համար և ներկայացրել են առաջարկներ, սակայն իսրայելական ուժերը խափանել են այս բոլոր ջանքերը՝ շարունակելով վարել սպանությունների, հետապնդումների և ձերբակալությունների քաղաքականություն։
Շարժումը կոչ է արել միջնորդներին «անհապաղ գործողություններ» ձեռնարկել՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի թույլ տան շարժման անդամներին վերադառնալ իրենց տները։
Գազայում հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին, սակայն կողմերը շարունակում են միմյանց մեղադրել խախտումներ իրականացնելու մեջ։