Թուրքիան կարող է հեռացվել ՆԱՏՕ-ից. ԱՄՆ-ի պետքարտուղար
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են հասցնել նրան, որ երկիրը զրկվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից` գրում է The Independent պարբերականը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն կանգնած է «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիայի կառավարությանը «հարգել ժողովրդավարական ինստիտուտները և օրենքի գերակայությունը»:
«Մենք, անշուշտ, կաջակցենք հեղաշրջման մեղավորներին պատասխանատվության կանչելուն, սակայն կոչ ենք անում խուսափել այն ամենից, ինչը դուրս է գալիս դրանից»,- ասել է Քերրին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու կասկածանքով ձերբակալվել է 7500 մարդ, ի թիվս որոնց` զինվորականներ, դատավորներ, դատախազներ, ոստիկաններ և շարքային քաղաքացիներ: Թուրքիայի նախագահն ու վարչապետը խոսել են մահապատիժը օրենքով վերականգնելու անհրաժեշտության մասին:
araratnews.am
18/7/2016