Թուրքիան հրաժարվում է որևէ պարտավորություն կրել միջազգային կազմակերպությունների առջեւ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i27751-Թուրքիան_հրաժարվում_է_որևէ_պարտավորություն_կրել_միջազգային_կազմակերպությունների_առջեւ
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո իրավիճակը երկրի ներսում ավելի գորշ երանգ է ստանում: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը  համոզիչ ապացույցներ է հավաքել, որ Թուրքիայում ձերբակալված անձինք երկրի պաշտոնական և ոչ պաշտոնական կալանավայրերում ծեծի և խոշտանգումների են ենթարկվում, այդ թվում` բռնաբարության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2016 15:29 Asia/Tehran
  • Թուրքիան հրաժարվում է որևէ պարտավորություն կրել միջազգային կազմակերպությունների առջեւ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո իրավիճակը երկրի ներսում ավելի գորշ երանգ է ստանում: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը  համոզիչ ապացույցներ է հավաքել, որ Թուրքիայում ձերբակալված անձինք երկրի պաշտոնական և ոչ պաշտոնական կալանավայրերում ծեծի և խոշտանգումների են ենթարկվում, այդ թվում` բռնաբարության:

Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ հնարավորություն ընձեռել անկախ դիտորդներին շփվել հեղաշրջման փորձի հետևանքով ձերբակալված անձանց հետ՝ կալանավայրերում` ոստիկանական բաժանմունքներում ու  դատարաններում:

Կազմակերպությունը նշում է  ավելի քան 10 000 մարդու  ձերբակալման մասին:  Amnesty International- ը հավաստի տեղեկություններ ունի, որ թուրք ոստիկանները Անկարայում և Ստամբուլում կալանավորներին 48 ժամ պահում են լարված վիճակում` զրկելով նրանց սննդից, ջրից և բուժօգնությունից՝ սպառնալիքների ու  վիրավորանքների ներքո:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց՝ ոչինչ չի կարող արդարացնել այն մեթոդները, որոնք որդեգրել են թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպիչների նկատմամբ։

Լարիսա Ալավերդյանը տարածաշրջանի ժողովուրդներին զգոնության կոչ արեց. մենք  պատասխանատու ժամանակաշրջանում  ենք ապրում, երբ Թուրքիան հրաժարվում է որևէ պարտավորություն կրել միջազգային կազմակերպությունների առջեւ։

Անդրադառնալով Թուրքիայում տիրող իրավիճակին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ  հարկ համարեց նշել, որ այդ երկրում արդեն 5 լրատվամիջոց է փակվել: Էրդողանը Թուրքիայում կատարվող խայտառակությունները ուզում է այդպիսով կոծկել՝ ասաց։

Ռազմական հեղաշրջման փորձի տապալմանը հաջորդած իրադարձությունները սրեցին ԱՄՆ, ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները: Մահապատժի վերականգնման դեպքում ԵՄ- ն սպառնում է հավերժ փակել դռները պաշտոնական Անկարայի դիմաց, ՆԱՏՕ-ն ու սպառնում է վտարել դաշինքից: ԱՄՆ հետ էլ Անկարային լարվածության պատճառը Էրդողանի հիմնական հակառակորդ Գյուլենն է, որի արտահանձնումն է պահանջում Թուրքիան։ Փոխարենը այդ երկիրը ջերմացրել է հարաբերությունները ՌԴ եւ Իսրայելի հետ, փորձում է մեղմել լարված հարաբերությունները Սիրիայի ու Եգիպտոսի հետ, սակայն վերջինն առայժմ չի ստացվում:

Թուրքագետի կարծիքով՝ այդ երկրում վիճակն ամբողջությամբ կապակայունացվի նման պայմաններում: Գուցե այն դառնա ոստիկանական պետություն: Ժամանակին բնակչության 98 տոկոսը վստահում էր բանակին, սակայն այսօր Էրդողանի ջանքերի շնորհիվ բանակն ամբողջությամբ հեղինակազրկվել է, խանութներում անգամ հաց չեն վաճառում բանակայիններին՝ շեշտեց Չաքրյանը:

armradio.am

25/7/2016