Որ երկրներն են առաջինն արձագանքել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող գործողություններին
Սիրիայի տարածքում թուրքական ԶՈՒ-ի սկսած գործողություններից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսը չի լռել, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Հայտնի է, որ ռազմական գործողությունների հենց սկզբից Չավուշօղլուին առաջինը զանգահարել են Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալյոն և Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Երկու երկրներն էլ հայտնել են իրենց աջակցությունը Թուրքիային:
Հաջորդ օրը Չավուշօղլուի հետ հեռախոսով զրուցել են նրա ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները՝ Ջոն Քերին և Ժան Մարկ Էյրոն: Ֆրանսիայի արտգործնախարարը նախ ցավակցել է Չավուշօղլուին՝ Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, և հայտնել, որ նրանք պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում:
Չավուշօղլուի հետ զրուցել են նաև Սլովակիայի, Ռումինիայի և Լեհաստանի արտգործնախարարները:
Թուրքիայում Իսրայելի դեսպան Ամիրա Օրոնն էլ իր հերթին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Իսրայելն աջակցում է Թուրքիային Սիրիայի տարածքում իրականացվող գործողությունների հարցում:
Հաղորդվում է նաև, որ օգոստոսի 28-29-ն Անկարա կժամանի Նիդեռլանդների արտգործնախարար Բերտ Կունդերսը: Նախատեսվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվելու են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն ու դրանից հետո երկրում զարգացող իրադարձությունները:
Իսկ ահա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չավուշօղլուի հետ կհանդիպի Չինաստանում անցկացվելիք G-20 գագաթնաժողովից մեկ օր առաջ:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:
tert.am/
27/8/2016