Էրդողանի «Վաթեռլոոն». Թուրքիայի իրական նպատակները Սիրիայում. Huffington Post-ի անդրադարձը
Օբամայի վարչակարգը ջանասիրաբար խուսափել է Սիրիայի հակամարտությանն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից: Թուրքիայի ներխուժումը Սիրիա և գրավումը ռազմավարական սխալ կլինի՝ Միացյալ Նահանգները դարձնելով Սիրիայի քաղաքացիական պատերազմում կարևոր դերակատար, գրում է նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի պաշտոնավարության ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ավագ խորհրդական և արտաքին գործերի փորձագետ Դեյվիդ Լ. Ֆիլիպսը Huffington Post-ում:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ անցած շաբաթ Անկարա էր այցելել փոխնախագահ Ջո Բայդենը՝ վերականգնելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ժամանելուց հետո Բայդենը տեղեկացել է, որ թուրքական հատուկ ուժերը, տանկերը և մարտիկները Սիրիայի իշխանությունների դեմ գործող «Սիրիական ազատ բանակի» հետ ներխուժել են Ջերաբլուս քաղաք: Բայդենը պաշտպանել է Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը, իսկ ավելի ուշ պնդել, որ ԱՄՆ-ն օդից աջակցություն է տրամադրել: Այնուամենայնիվ, ականատեսները նշել են, որ ռումբեր իրականում չեն նետվել Ջերաբլուսի վրա: Սիրիայի ճահիճը մտնելն ԱՄՆ-ի շահերից չի բխում, գրում է հեղինակը:
«Եփրատի վահան» գործողությունը խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը: Թուրքիային աջակցելն ԱՄՆ-ին մասնակից կդարձնի Սիրիայի հողերի գրավման հարցում: Թուրքիան շարունակում է հարավ շարժվել, և նա մտադրություն չունի հրաժարվելու տարածքից: Իր ներկայությունն արդարացնելու համար Թուրքիան կբնակեցնի սիրիական անկլավը փախստականներով: Թուրքիան ցանկանում է մասնակցել Ժնևում խաղաղության գործընթացին և ունենալ հավասար դիրք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ: Հաշվի առնելով իսլամիստներին աջակցելու Թուրքիայի դառը անցյալը՝ ավելի դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել Սիրիայի հակամարտության ավարտին, եթե թուրքական զորքերը գտնվեն երկրի տարածքում:
Հեղինակը հիշեցնում է, որ Օբամայի վարչակարգը զենք և օդային աջակցություն է տրամադրել Սիրիայի քրդական ուժերին՝ «Ազգային ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG), և հավելում, որ վերջիններս ԱՄՆ-ի ամենավստահելի դաշնակիցներն են ԻՊ-ի դեմ պայքարում: Վաշինգտոնն այժմ աջակցելու է YPG-ին, եթե նրանք պայքարեն ԻՊ-ի դեմ Եփրատից արևելք: Էրդողանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն ընտրություն կատարի Թուրքիայի և YPG-ի միջև, բայց բազմիցս մերժվել է: Օբամայի վարչակարգը պետք է աչալուրջ լինի Թուրքիայի մտադրություններին:
Հեղինակը պնդում է, որ թուրքական գործողության հիմնական նպատակը ոչ թե ԻՊ-ի դեմ կռվելն է, այլ քրդերի: Նա նշում է, որ Ջերաբլուսը գրեթե առանց մարտի է հանձնվել թուրքական ուժերին, քանի որ Անկարան գործարքի է գնացել ԻՊ-ի հետ, և ԻՊ-ի ուժերը պարզապես փոխել են հանդերձանքը «Սիրիական ազատ բանակի» համազգեստով: Նրա խոսքով՝ զարմանալի չէ, որ Էրդողանն ու ԻՊ-ը գործարքի են գնացել: ԻՊ-ը և Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գաղափարապես մոտ են: Չնայած որ այդ տեղեկություններն իշխանությունները հերքում են, սակայն բազմաթիվ ապացույցներ կան, որ Թուրքիան ռազմական և ֆինանսական աջակցություն է տրամադրել Սիրիայի իսլամիստներին 2014 թվականից ի վեր:
Իրականում Թուրքիան փորձում է թույլ չտալ YPG-ին իր սահմանի մոտ ինքնավար տարածք ստեղծելու գաղափարն իրականություն դարձնելու հարցում, որը կարող է նաև ազդեցություն ունենալ Թուրքիայի տարածքում ապրող քրդերի ինքնավարության ձգտումների վրա:
Օբամայի վարչակարգը տեղյակ է, թե ինչ է կատարվում: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ասել է CNN-ին. «Թուրքերին երբեք չէր հետաքրքրում Ջերաբլուսը՝ մինչ քրդերը ցանկացան հասնել այնտեղ»:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն արդեն վատթարացել էին հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո իշխանությունների լայնամասշտաբ հետապնդումների պատճառով: Այս հարաբերություններին նոր մարտահրավեր է նետում Թուրքիայի որոշումը՝ կռվել Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիա կարևոր իրադարձություն է ԱՄՆ նախագահական ընտրությունների համատեքստում: Թուրքիայի ներխուժմանն ու օկուպացիային ռազմական և դիվանագիտական ճանապարհով աջակցելը բարդ իրավիճակ կստեղծի, ինչը խնդիրներ կառաջացնի ԱՄՆ հաջորդ նախագահի համար: Սիրիան կլինի Էրդողանի «Վաթեռլոոն»՝ վճռորոշ «ճակատամարտը»: ԱՄՆ իշխանությունները չպետք է կապ ունենան Թուրքիայի խորտակվող նավի հետ, հոդվածը եզրափակել է հեղինակը:
tert.am/
31/8/2016