Թուրքիայում միլիոնավոր անչափահաս երեխաներ ստիպված են աշխատել դպրոց գնալու փոխարեն
Թուրքիայում ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ (Թուրքիայում այս տարի դպրոցները բացվելու են սեպտեմբերի 19-ից) կրկին սկսել են շրջանառվել բազմաթիվ երեխաների կրթվելու իրավունքից փաստացի զրկված լինելու և անչափահասների կողմից ծանր աշխատանքներ կատարելու թեմաները:
Թուրքական t24.com.tr կայքը, անդրադառնալով այս խնդրին, նշել է, որ Թուրքիայում բանվոր երեխաների թիվն անցնում է 1 միլիոնը:
Ըստ կայքի անցկացրած ուսումնասիրության՝ բազմաթիվ երեխաներ հնարավորություն չունեն օգտվելու անգամ անվճար միջնակարգ կրթությունից, քանի որ ստիպված են աշխատել: Այդ ընթացքում բազմաթիվ գործատուների կողմից անչափահասները ենթարկվում են շահագործման և անգամ բռնության:
Որոշ երեխաներ էլ ստիպված են լինում աշխատել ամբողջ ամառ՝ սեպտեմբերին գրենական պիտույքներ և դպրոցական հագուստ գնելու համար:
Համդուլլահ Օզդեմիրը 7-րդ դասարանի աշակերտ է, Ադանայի շուկայում վաճառում է դպրոցական պայուսակներ: Այսպիսով նա կկարողա գումար կուտակել իր իսկ դպրոցական պայուսակի համար: Համդուլլահը պատմում է, որ դպրոցը շատ է սիրում , ցանկանում է լինել դպրոցում և հանուն դրա անցնում է շատ զրկանքների միջով:
Բուրսա քաղաքի մոտակայքում Յենիշեհիր կոչվող ցորենի դաշտում կարելի է հանդիպել հուլիս և օգոստոս ամիսներին այրող արևի տակ աշխատող հարյուրավոր կանանց և նրանց երեխաներին, որոնց նպատակը նույնպես սեպտեմբերին դպրոցական ծախսերը վճարել կարողանալն է:
Նրանցից Փերդենեշին Քայան 51 տարեկան է և իր հայրենի Մարդին քաղաքից Բուրսա տեղափոխվելու օրվանից ի վեր արդեն 16 տարի է ամեն ամառ նույն գործով է զբաղվում իր բազմազավակ ընտանիքի կարիքները հոգալու նպատակով:
«Մարդիկ այրվում են արևի տակ: Եթե մեր հայրենի քաղաքում աշխատանքի հնարավորություն լիներ, մեր դաշտերն էլ մեզ բավական էին: Ամեն կողմից մի խնդիր ունենում ենք: Ամենաշատը` լեզվի պատճառով: Դեռևս թուրքերենին լավ չտիրապետղներ կան, նրանք շատ են դժվարանում: բազմաթիվ գործանուտեր բարկանում են մեզ վրա, երբ մենք խոսում ենք մեր լեզվով` արաբերենով», - պատմում է Փերդենեշինը:
Tert.am