Մոսուլը մերն է եղել. Էրդողանի հայտարարությունը Բուրսայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39670-Մոսուլը_մերն_է_եղել._Էրդողանի_հայտարարությունը_Բուրսայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե պատմականորեն Իրաքի Մոսուլ քաղաքն իրենցն է եղել, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2016 07:34 Asia/Tehran
  • Մոսուլը   մերն է եղել. Էրդողանի հայտարարությունը Բուրսայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե պատմականորեն Իրաքի Մոսուլ քաղաքն իրենցն է եղել, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

«Մոսուլն էլ, Քիրքուկն էլ անցյալում մերն է եղել: Ինչո՞ւ եք վրդովվում, ես պատմության դաս եմ տալիս ձեզ, հասկացե՛ք (խոսքն ուղղելով Իրաքի իշխանություններին-Խմբ.): Մենք տեղացի ենք, մենք հայրենասեր ենք»,- ակնարկել է Էրդողանը:

Րոպեներ անց Էրդողանը շտապել է ուղղել ինքն իրեն և հավելել է. «Բայց մենք Իրաքի հողերի վրա աչք չունենք»:

Էրդողանը նաև հայտարարել է, որ Սիրիայում «Եփրատի վահան» գործողության շրջանակում թուրքական ԶՈՒ-ն պետք է առաջանա մինչև Էլ Բաբ և Ռաքքայում նույնպես պայքարելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Էրդողանը նշել է, որ Ռաքքայում իրենք մտադիր են համագործակցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հետ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈւ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:

Հոկտեմբերի 17-ին իրաքյան բանակն ու քրդական խմբավորումները սկսել են իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությունը։ Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։

Tert.am