Թուրքիան տեղեկացրել է ԵՄ-ին քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալության պատճառների մասին
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ զրույցում տեղեկացրել է նրան քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից թուրքական խորհրդարանի մի շարք պատգամավորների վերաբերյալ պաշտոնական Անկարայի դիրքորոշման մասին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: Ավելի ուշ ութ պատգամավոր կալանավորվել է դատարանի որոշմամբ: Թուրքական իշխանությունները բացատրել են դա այն հանգամանքով, որ խորհրդարանի պատգամավորների անձեռնմխելիության չեղարկումից հետո նրանցից մի քանիսին մեղադրանքներ են ներկայացվել, և նրանք հրավիրվել են դատարան՝ ցուցմունքներ տալու համար: Քանի որ նրանք արհամարհել են այդ հրավերները, որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին:
Հիշեցնելով, որ կուսակցությունից ձերբակալված խորհրդարանականների խումբը երեք անգամ արհամարհել է դատախազություն ներկայանալու ծանուցագիրը՝ նախարարը նշել է, որ ի տարբերություն նրանց, Թուրքիայի մնացած քաղաքական ուժերի պատգամավորները ցուցմունքներ են տվել ահաբեկչության և անկարգությունների փաստերի հետաքննության շրջանակներում:
«Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը փորձում է օգտագործել պատգամավորների ձերբակալության և կալանքի մասին որոշումը քաղաքական քարոզչության համար»,- ասել է Չելիքը:
tert.am/
5/10/2016/