Ազատազրկում՝ Էրդողանին թեյ չհրամցնելու պատճառով
Թուրքիայի «Ջոմհուրիեթ» օրաթերթի թեյատան պատասխանատու Սինոլ Բուրանը, ով երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այդ օրաթերթի խմբագրություն կատարած այցելության ժամանակ հրաժարվել էր նրան թեյ հրամցնելուց, ազատազրկման է ենթարկվելու:
Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի երեքշաբթի օրը կատարած հաղորդման, Բուրանին Թուրքիայի դատական պատասխանատուների կողմից մեղադրանք է առաջադրվել այն կապակցությամբ, որ Էրդողանի «Ջոմհուրիեթ» օրաթերթի խմբագրություն կատարած այցի ժամանակ հրաժարվել է նրան թեյ հրամցնել և հայհոյախառն արտահայտություններ է արել:
Սինուլ Բուրանը հարցաքննության ժամանակ ընդունել է նախագահին թեյ չհրամցնելու մեղադրանքը, սակայն ասել է, թե նրան չի հայհոյել:
Թուրքիայի «Ջոմհուրիեթ» օրաթերթի թեյատան պատասխանատուն այն պայմաններում է ազատազրկման դատապարտվում, երբ օրաթերթի խմբագիր Ջոն Դունդարն ու տնօրեն Արդամ Գյուլը ցմահ ազատազրկման են դատապարտվել Թուրքիայի անվտանգության ծառայությանը պատկանող բեռնավտոների միջոցով Սիրիայում ահաբեկչական խմբերի համար զենքի փոխադրումն ապացուցող տեսագրություն հրապարակելու մեղադրանքով: