Պատերազմ, թե՞ խաղաղություն. Սիրիային հրադադար կնվիրե՞ն Նոր տարվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49189-Պատերազմ_թե_խաղաղություն._Սիրիային_հրադադար_կնվիրե_ն_Նոր_տարվա_կապակցությամբ
Հնարավո՞ր է՝ 2016-ի տարեմուտին Սիրիայում հաստատվի հարաբերական խաղաղություն: Թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիան և Ռուսաստանը մշակել են Սիրիայում հրադադար հաստատելու մասին պլան, ըստ որի նախատեսվում է ընդլայնել Հալեպ քաղաքում հաստատված հրադադարի ձևաչափը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 08:42 Asia/Tehran
  • Պատերազմ, թե՞ խաղաղություն. Սիրիային հրադադար կնվիրե՞ն Նոր տարվա կապակցությամբ

Հնարավո՞ր է՝ 2016-ի տարեմուտին Սիրիայում հաստատվի հարաբերական խաղաղություն: Թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիան և Ռուսաստանը մշակել են Սիրիայում հրադադար հաստատելու մասին պլան, ըստ որի նախատեսվում է ընդլայնել Հալեպ քաղաքում հաստատված հրադադարի ձևաչափը:

Ըստ կայացված համաձայնության՝ դեկտեմբերի 30-ի կեսգիշերից զինադադար է հաստատվել Սիրիայի այն հատվածներում, որտեղ մարտեր են ընթանում ընդդիմադիր խմբավորումների և կառավարական ուժերի միջև: Պայմանավորվածությունը չի վերաբերում Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին: Ավելի ուշ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ավարտվել են աշխատանքները Սիրիայի հարցով երկու համաձայնագրերի մշակման ուղղությամբ: Դրանցից մեկը հակամարտության քաղաքական կարգավորման մասին է, մյուսը՝ կրակի դադարեցման: ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դ. Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ Կրեմլում տեղեկություն չունեն կրակի դադարեցման մասին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռքբերված պայմանավորվածության վերաբերյալ:

Սակայն, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ին՝ սկսած կեսգիշերից:

Մեկ այլ ուշագրավ տեղեկություն է հրապարակել «Reuters» գործակալությունը՝ նշելով, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնության են հասել Սիրիայի հարցում, որը նախատեսում է երկրի բաժանում «ոչ պաշտոնական ազդեցության գոտիների»: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կմնա իր պաշտոնին մինչև հաջորդ ընտրությունները: Ասադի և իր ընտանիքի անվտանգությունը երաշխավորվում է իշխանությունից հեռանալուց հետո: Համաձայնագիրը մշակման փուլում է և դեռ պիտի համաձայնեցվի Սիրիայի կառավարության, ընդդիմադիրների, Պարսից ծոցի երկրների և Միացյալ Նահանգների հետ:

1in.am