Չորս պատերազմ Սիրիայում` օտարների ձեռամբ. Le Point
«Սիրիայի տարածքը դարձել է հակամարտությունների գոտի, որտեղ միմյանց դիմակայում են վեց երկիր, բայց զոհվում են տեղի խաղաղ բնակիչները»,- ֆրանսիական Le Point հանդեսում գրում է Միրեյ Դյութեյը:
«Այժմ սիրիական հակամարտության բեկումնային պահն է: Պատերազմը դառնում է ընդամենը պատրվակ մեծ տերությունների եւ տարածաշրջանի երկրների միջեւ առճակատման համար: Բոլորն իրենց հաշիվներն են մաքրում միմյանց դեմ պատերազմող սիրիացիների ձեռքերով: Այս պատերազմը, ՄԱԿ-ի տվյալներով, արդեն 250 հազար մարդու կյանք է խլել»,- գրում է թերթը:
1. Ռուսաստանի պատերազմը
«2015 թվականի սեպտեմբերին իրականացնելով ռազմական միջամտություն՝ Վլադիմիր Պուտինը Սիրիայում փոխեց ուժերի հավասարակշռությունը: Նրա նպատակները պարզ են. փրկել սիրիական վարչակազմին, պահպանել դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ ռազմակայանը՝ Միջերկրական ծովում, նաեւ փոխել Ռուսաստանի վիճակը միջազգային ասպարեզում ուկրաինական հակամարտությունից հետո:
Պուտինի համար առաջնային է եղել սիրիական բանակի մարտական պատրաստվածության վերականգնումը, որպեսզի այն կարողանա վերականգնել վերահսկողությունը շրջաններում, որոնք հայտնվել են ընդդիմության ձեռքում: Ռուսաստանյան պատերազմը հաղթանակից մեկ քայլ է հեռու եւ կանխորոշում է արեւմտյան անգործունակ ու կաթվածահար երկրների պարտությունը: Կրեմլի ղեկավարը քմծիծաղում է ամերիկացիների եւ եվրոպացիների հորդորների վրա, ովքեր պահանջում են դադարեցնել ընդդիմության դիրքերի ռմբակոծությունները»,- նշում է հոդվածի հեղինակը:
2. Անկարայի պատերազմը քրդերի դեմ
«Սիրիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու նպատակ ունի. զրկել իշխանությունից Բաշար Ասադին եւ հակաահաբեկչական պայքարի քողի տակ պատերազմ իրականացնել քրդական PKK- ի դեմ: Եվ երբ Անկարան հայտարարում է այն մասին, որ իր ինքնաթիռները թռչում են ռմբակոծելու ԻՊ-ի դիրքերը, ապա դա նշանակում է, որ առաջին հերթին հարվածներ պետք է հասցվեն PKK-ի դիրքերին: Հարվածելով «Ժողովրդավարական միություն» կուսակցության սիրիացի քրդերին, թուրքերը` ՆԱՏՕ-ի անդամները, հայտնվում են դժվարին կացության մեջ իրենց ամերիկացի դաշնակցի նկատմամբ, որը զինում է սիրիացի քրդերին եւ ֆինանսավորում է նրանց պայքարն ԻՊ-ի դեմ:
Թուրքիան վարում է իր սեփական պատերազմը Սիրիայում: Այն հանդես է գալիս ցամաքային միջամտության դիրքերից եւ հայտարարում է Սաուդյան Արաբիայի հետ այդ գործողությունը ձեռնարկելու պատրաստակամության մասին»:
3. Սաուդյան Արաբիայի պատերազմն Իրանի դեմ
«Տարածաշրջանի երկու տերությունների ավանդական մրցակցությունը, իհարկե, ստացել է իր զարգացումը սիրիական հողատարածքում: Թեհրանը սիրիական ռեժիմի վաղեմի դաշնակիցն է, երկու երկրները կապված են դեռեւս 90-ականներին կնքված փոխադարձ պաշտպանության պայմանագրով: Էր-Ռիադն իր հերթին ցանկանում է հեռացնել Ասադին, որպեսզի Սիրիան ղեկավարվի սունի մեծամասնության կողմից: Դա է պատճառը, որ սաուդցիները ռազմական եւ ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում ընդդիմությանը, ինչպես նաեւ ջիհադականների խմբերին: Սակայն վերջին ամիսներին Սաուդյան Արաբիան սկսել է վախ զգալ ԻՊ-ից եւ դրա ծայրահեղական սալաֆիական գաղափարախոսությունից եւ ստեղծել է իսլամական կոալիցիա ահաբեկչության դեմ: Անցյալ շաբաթ սաուդցիները լայնածավալ զորավարժություններ էին կազմակերպել իրենց դաշնակիցների հետ երկրի հյուսիսում: Պաշտոնական նպատակը ցամաքային ռազմական միջամտության պատրաստությունն էր, որը կարող է իրականացվել Թուրքիայի հետ համատեղ: Զորավարժություններին զուգահեռ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմակայան էին ժամանել սաուդյան ինքնաթիռները:
Այս ամենը դուր չի գալիս Իրանին. «Իրավիճակը Սիրիայում չի կարող զարգանալ թշնամական պետությունների ցանկությամբ: Իրանը, իհարկե, թույլ չի տա, որպեսզի Սիրիայում իրադրությունը զարգանա այդ թշնամական երկրների ցանկությամբ, եւ համապատասխան միջոցներ ձեռք կառնի»,- հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ Մասուդ Ջազայերին:
4. Ռուսաստանի պատերազմը Թուրքիայի դե՞մ
«Երկու երկրների միջեւ հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ թուրքերն անցյալ տարվա նոյեմբերին խոցեցին ռուսաստանյան ինքնաթիռը թուրք-սիրիական սահմանին: Երկու ավտորիտար անձերի՝ Պուտինի եւ Էրդողանի միջեւ, ովքեր տրամադրված չեն զիջումների գնալ, գնում է ուժային առճակատում: Ռուսաստանը ցանկանում է Թուրքիային ցույց տալ մկանները, որն, ինչպես թվում է, չի տպավորվել դրանով եւ շարունակում է ռմբակոծել քրդերին, որոնց աջակցում է ոչ միայն Վաշինգտոնը, այլ նաեւ Մոսկվան: Զարմանալի ոչինչ չկա, որ Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածությունը ձախողվեց»,- գրում է հոդվածի հեղինակը:
Աղբյուր` Le P
galatv.am
21/2/2016