Իրաքի փոխնախագահ.«Պետք է տարածաշրջանային անվտանգության թեմայով համաժողով անցկացնել»
Իրաքի փոխնախագահը հանդես է եկել Իրաքի հարևան երկրների մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության թեմայով համաժողով անցկացնելու կոչով:
Ինչպես հաղորդում է Իրաքի «Ալ Սումերիա Նյուզ» ինտերնետային կայքը, Այադ Ալավին կիրակի օրը ասել է.«Իրաքը մշտապես ընդգծել է տարածաշրջանում լարվածության ապաէսկալացման և անվտանգության հաստատման անհրաժեշտությունը և այսօր վեց հարևան երկրների մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության թեմայով համաժողովի անցկացումն անհրաժեշտություն է»:
Այադ Ալավին նշել է.«Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան ,Սիրիան, Հորդանանը և Քուվեյթը Իրաքի պատմական հարևաններն են և պետք է անվտանգության համաժողով գումարելով փորձեն կարգավորել տարածաշրջանի խնդիրները»:
Նա հավելել է.«Ներկայումս աշխարհի բոլոր երկրները միջամտում են Իրաքի գործերին․ այս երկիրը դարձել է տարածաշրջանային ու միջազգային հակամարտությունների բեմ»:
Իրաքի կառավարությունը մշտապես ընդգծել է աշխարհի՝ մասնավորապես հարևան երկրների հետ իր հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: