Պենտագոնի ղեկավարը բանակցություններ է ունեցել Թուրքիայի ղեկավարության հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70586-Պենտագոնի_ղեկավարը_բանակցություններ_է_ունեցել_Թուրքիայի_ղեկավարության_հետ
ՄիացյալՆահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մետիսը, որն Իրաքից ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, օգոստոսի 23-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2017 12:09 Asia/Tehran
  • Պենտագոնի ղեկավարը բանակցություններ է ունեցել Թուրքիայի ղեկավարության հետ

ՄիացյալՆահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մետիսը, որն Իրաքից ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, օգոստոսի 23-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլիի հետ:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դրանից հետո Պենտագոնի ղեկավարը բանակցություններ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ տեղեկության՝ նախագահ Էրողանը հանդիպմանը Մեթիսին իր մտահոգությունն է հայտնել Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների կողմից քուրդ զինյալներին ցուցաբերած աջակցության առնչությամբ: Թուրքիան դժգոհ է, որ Միացյալ Նահանգներն աջակցում են սիրիական քրդերին, որոնք Սիրիայի հյուսիսում մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Պաշտոնական Անկարան քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորմանը համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը կապեր ունի Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության հետ: Անկարան բազմիցս հստակ արտահայտվել է, որ չի աջակցում YPG-ին ԱՄՆ-ի կողմից զենք մատակարարելուն: Պենտագոնը, բարձր գնահատելով «Իսլամական պետության» դեմ պայքարում YPG-ի ձեռքբերումները, մայիսից սկսել է զենք մատակարարել խմբավորմանը: Թուրքիան խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի խանգարի քրդերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից վերցրած տարածքներում սեփական պետություն ստեղծելուն: Էրդողանը հնարավոր է համարում, որ թուրքական զինվածուժերը կարող են սկսել սիրիական Աֆրին քաղաքից քրդերին դուրս բերելուն ուղղված գործողություն: Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված հակամարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար: 2015 թ-ի հուլիսին հակամարտության վերսկսման հետևանքով, ըստ տեղեկության, սպանվել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև` ավելի քան 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` այդ ընթացքում անվտանգության ուժերը սպանել են ավելի քան 10 հազար ՔԲԿ-ականների:

Ankakh.com