Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72897-Սիրիայում_պատերազմական_տարիների_ընթացքում_զոհվել_են_200_ից_ավելի_հայեր
Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 08:31 Asia/Tehran
  • Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր

Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ զոհվածների մեջ կան հայեր, ովքեր այդ ժամանակ ծառայում էին Սիրիայի բանակում: Կան հայեր, ովքեր զոհվել են արկերի պայթյուններից: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում քիչ չեն եղել վիրավորները: «Ցավալի կորուստներ ունեցանք թե մարդկային, թե նյութական: Նախ ավերվեցին բազմաթիվ խանութներ, արհեստանոցներ, գործարաններ: Դրանցից շատերը թալանվեցին: Գետնին հավասարվեցին կամ վնասվեցին բազմաթիվ բնակելի տներ: Մասնավորից բացի, վնասվեցին նաև համայնքային հաստատություններ՝ դպրոցներ, եկեղեցիներ»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը: Կոնկրետ հաշվարկներ, թե հայ համայնքի կրած վնասը որքան է կազմում, չկան: Ոչ բոլորն են իրենց կորուստների մասին տեղեկացրել: Ժիրայր Ռեիսյանի խոսքով, ներկայում Հալեպում վերականգնման լուրջ գործընթաց է տեղի ունենում: Մասնավորապես, առաջին հերթին վերականգնվեցին ենթակառուցվածքները: Տարիներ շարունակ ջուր և էլեկտրականություն չունեցող քաղաքում այդ հարցերն արդեն կարգավորվում են: Ջրամատակարարումը վերականգնվել է, էլեկտրականությունը՝ նույնպես, սակայն դեռ 24-ժամյա էլեկտրամատակարարման չեն հասել: Այս ընթացքում հայկական դպրոցներում դասընթացները երբևէ չեն դադարեցվել: Դժվարին պայմաններում դպրոցները շարունակել են աշխատել: «Այսօր կարող ենք ասել, որ Հալեպը վերադառնում է իր բնականոն կյանքին: Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Մարդիկ վերադարձել են իրենց աշխատանքին, տների, խանութների, գործատեղերի վերականգնմանը»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը: Այժմ սպասվում է Հալեպի օդանավակայանի վերագործարկումը: Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրեց, որ այն ամբողջությամբ պատրաստ է վերագործարկմանը, պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով սպասում են համապատասխան պահի: Հանգիստ իրավիճակով պայմանավորված՝ Հալեպում նկատվում է տեղի հայերի վերադարձ իրենց բնակարաններ: Վերադարձողները Լիբանանում, Հայաստանում հաստատված սիրիահայեր են: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ նույնիսկ ընտանիքներ են վերադառնում, որոնք այս ընթացքում հաստատվել էին Արևմուտքում: «Դա բնական է, ի վերջո այստեղ է իրենց տունը, այստեղ են անցկացրել իրենց կյանքը: Այնպես որ, ցանկացած քաղաքացու վերադարձը ողջունելի է: Մարդիկ փորձում են վերականգնել այս տարիների ընթացքում կորցրածը»,- ասաց նա:

Armenpress.am