Հալեպում իր աշխատանքն է վերսկսել աշխարհում ամենամեծ Ալ -Մադինա փակ շուկան
Աշխարհի խոշորագույն Ալ- Մադինա փակ շուկան վերսկսել է իր աշխատանքը Հալեպում։
Առայժմ միայն 20 կրպակ է բացվել, բայց առաջիկա 10 տարիների համար պատմական ժառանգության վերականգնման ծրագրերն արդեն կազմված են, այս մասին լրագրողներին հայտնել են վերաբացված առեւտրային կրպակների սեփականատերերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հալեպում չորս տարի շարունակվել է կառավարական զորքերի ու ահաբեկչական խմբավորումների զինված դիմակայությունը, զինյալները դեռ 2012-ին հարձակվել էին քաղաքի վրա, որը համարվում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը, սակայն կարողացել են գրավել դրա տարածքի միայն 40 տոկոսը։ Ճակատի գիծն անցնում էր Ալ-Մադինայի ու քաղաքի մեկ այլ տեսարժան վայրի՝ Հալեպի ամրոցի միջեւ, որը կառավարական զորքերն էին վերահսկում։ Շատ առեւտրային կրպակներ ավերվել են ականակոծությունների ու հրդեհների հետեւանքով, իսկ մի քանիսն էլ ահաբեկիչներն են քանդել։
Ալ -Մադինան աշխարհի խոշորագույն փակ պատմական շուկան է։ Առեւտրային ու արհեստագործական շարքերի երկարությունը 13 կմ է։ Ալ Մադինան ներառում է մի քանի մանր շուկաներ, որոնց մեծ մասը գոյություն ունի 14-րդ դարից։ Ալ -Մադինա շուկան՝ Հալեպի Հին քաղաքի կազմում 30 տարի առաջ ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
News.am