Չնայած ռուսական զորքերի զգալի հատվածի դուրսբերմանը՝ Ռուսաստանը կպահպանի Սիրիայում իր ռազմաբազաները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78411-Չնայած_ռուսական_զորքերի_զգալի_հատվածի_դուրսբերմանը_Ռուսաստանը_կպահպանի_Սիրիայում_իր_ռազմաբազաները
Սիրիայի տարածքից ռուսական զորքերի զգալի մասի դուրսբերման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո էլ հանրապետությունում կմնան ռուսական բազաները: Այս մասին ՌԲԿ-ին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 16:00 Asia/Tehran
  • Չնայած ռուսական զորքերի զգալի հատվածի դուրսբերմանը՝ Ռուսաստանը կպահպանի Սիրիայում իր ռազմաբազաները

Սիրիայի տարածքից ռուսական զորքերի զգալի մասի դուրսբերման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո էլ հանրապետությունում կմնան ռուսական բազաները: Այս մասին ՌԲԿ-ին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը:

 «Մենք նվազեցնում ենք Սիրիայում մեր ռազմական խմբավորումը, ընդ որում՝  զգալիորեն»,-պարզաբանել է նա`  նշելով, որ զորքերը ամբողջապես «դուրս չեն բերվելու»: «Հմեյմիմում կմնա մեր ավիացիան՝ ռմբակոծիչները, կործանիչները, գրոհային ինքնաթիռները, բանակային ավիացիան»,-հստակեցրել է Բոնդարեւը`հավելելով նաեւ, որ Սիրիայում կպահպանվի հակահրթիռային պաշտպանությունը:

Զորքերի դուրսբերման որոշումը նա անվանել է «Սիրիայում պատերազմի ավարտման պաշտոնական ճանաչում»

 «Մեր զինված ուժերը փայլուն կերպով լուծեցին ահաբեկիչների ոչնչացման դժվարին եւ պատասխանատու խնդիրը, նույնիսկ նախատեսված ժամանակահատվածից ավելի վաղ»,- ասել է Բոնդարեւը` նշելով, որ Մոսկվայում «շատ ուրախ են, որ Սիրիան 2018 թվական մուտք կգործի ազատ, խաղաղ երկրի կարգավիճակով»։

Սենատորի խոսքով՝ ներկայումս առաջին պլան է դուրս գալիս ինժեներական զորքերի դուրսբերումը:

 «Ռուսները մասնակցում են Սիրիայի տարածքի ականազերծմանը»,- հիշեցրել է Բոնդարեւը, պարզաբանելով, որ, նրա կարծիքով, «ՄԱԿ-ի  մյուս երկրները եւս կմիանան այս աշխատանքին»:

 «Ինչ վերաբերում է Սիրիայի ազգային բանակին, ապա այժմ հատուկ պատասխանատվություն է դրվում օդային պաշտպանության համակարգի եւ Սիրիայի սահմանապահների վրա, որոնք պետք է կանխեն հարեւան երկրների տարածքներից զինյալների միգրացիան», - եզրափակել է Դաշնային Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահը:

Տեղեկությունները այն մասին, որ ռուսական ռազմակայանները կմնան Սիրիայում, նաեւ հաստատել է Պետդումայի անդամ, Մոսկվայի եւ Դամասկոսի միջեւ միջխորհրդարանական երկխոսության անդամ Դմիտրի Սաբլինը։ «Մեր բազաները կմնան Սիրիայում եւ կհիշեցնեն բոլորին, որ մենք կարող ենք արագ վերադառնալ»,-ասել է նա:

Ինչպես պատմել է Դաշնության Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը՝ Սիրիայից ռուսական զինված ուժերի անձնակազմի  եւ ռազմական տեխնիկայի դուրսբերումը մեկ ամիս կպահանջի:

 «Չեմ բացառում, որ այնպիսի որոշում ընդունվի, որ մարդիկ Ամանորը տանը տոնեն»,-ավելացրել է սենատորը`նշելով, որ «ավելի շատ ժամանակ կարող է պահանջվել նյութական ակտիվների դուրսբերման համար»: Այժմ, ռուսական զորավարժություններից հետո, սիրիական բանակը, նրա կարծիքով,  երկրի տարածքում անվտանգությունը ինքնուրույն կարող է ապահովել:

News.am