Էրդողանն ամերիկացիներին կոչ է արել հեռանալ Մանբիջից
Թուրքիայի նախագահն ամերիկացի զորայիններին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքից:
«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով այն մասին, որ Մանբիջ քաղաքը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հաջորդ գործողության վայրն է լինելու, ընդգծել է. «Ամերիկացիները պիտի հնարավորինս շուտ հեռանան այս քաղաքից, քանի որ Թուրքիան ցանկանում է այն վերադարձնել իր իսկական տերերին»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ չնայած տարածաշրջանն ահաբեկչական խմբերի գոյությունից մաքրվելուն, ԱՄՆ շարունակում է զենք առաքել Սիրիայի հյուսիս: Նա հավելել է. «Սիրիայում ԱՄՆ-ի հաշվարկներն ուղղված են Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի դեմ»:
Էրդողանի խոսքերով, Սիրիայում քուրդ զորայինների համար առաքված ամերիկյան սպառազինության կապակցությամբ Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի: «Սիրիայի Աֆրինում Թուրքիայի բանակի գործողությունը շարունակվելու է». ասել է նա: