Թուրքիայի և Իսրայելի պաշտոնյաների միջև լեզվակռիվը շարունակվում է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Թուրքիայի բանակի դեմ հնչած մեղադրանքներն անհիմն որակող այդ երկրի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը թեժացրել է կողմերի միջև լեզվակռիվը:
Ինչպես հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արձագանքելով այդ երկրի բանակի դեմ հնչած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքներին, հայտարարել է.«Թուրքիայի բանակի դեմ Իսրայելի վարչապետի հայտարարությունները նպատակ ունեն հանրային կարծիքը շեղել նրա դեմ հասցեագրված կոռուպցիայի մեղադրանքից և Իսրայելի քաղաքական խնդիրներից»:
«Նրանք ովքեր նորածիններին գնդակահարում են և իրենց ձեռքերը շաղախում են պաղեստինցի երեխաների արյամբ, իրավունք չունեն մեղադրել Թուրքիայի բանակին». ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 22-ին Twitter- ի իր էջում խոսքն ուղղելով Ռեջեբ Թայիբ Էրդողանին գրել է.«Այն նախագահը, որ բռնազավթել է հյուսիսային Կիպրոսը և նրա բանակը սպանում է երկրի ներսում ու դրսում գտնվող քրդաբնակ գյուղերի կանանց ու երեխաներին, իրավունք չունի քարոզ կարդալ Իսրայելի համար»: