Քերին դատապարտում է ԼՂ գոտում ծավալված գործողություններն ու բացառում ռազմական լուծումը
https://parstoday.ir/hy/news/world-i10552-Քերին_դատապարտում_է_ԼՂ_գոտում_ծավալված_գործողություններն_ու_բացառում_ռազմական_լուծումը
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են կարուստների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Այս մասին ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ տարածած հայտարարության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2016 05:54 Asia/Tehran
  • Քերին դատապարտում է ԼՂ գոտում ծավալված գործողություններն ու բացառում ռազմական լուծումը

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրել են կարուստների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում: Այս մասին ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ տարածած հայտարարության մեջ:

«Ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ հետագա լարումից և խստորեն հետևել հրադադարին: Ոչ կայուն իրավիճակը վկայում է այն մասին, թե ինչու պետք է կողմերը անհապաղ վերսկսեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության բազմակողմանի լուծում գտնելու հարցում: Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես համանախագահող երկիր, Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատելու կողմերի հետ՝ հասնելու երկարատև և բնակցված լուծման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր:

Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: