Ժնեւում բացվող ՄԱԿ-ի խորհրդաժողովում քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարի հարցերը
https://parstoday.ir/hy/news/world-i11188-Ժնեւում_բացվող_ՄԱԿ_ի_խորհրդաժողովում_քննարկելու_են_ահաբեկչության_դեմ_պայքարի_հարցերը
Ահաբեկչության դեմ պայքարի եւ ծայրահեղականության կանխման հարցերն են քննարկելու ապրիլի 7-ին ՄԱԿ-ի ժնեւյան բաժանմունքում բացվող երկօրյա միջազգային խորհրդաժողովի մասնակիցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2016 07:15 Asia/Tehran
  • Ժնեւում բացվող ՄԱԿ-ի խորհրդաժողովում քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարի հարցերը

Ահաբեկչության դեմ պայքարի եւ ծայրահեղականության կանխման հարցերն են քննարկելու ապրիլի 7-ին ՄԱԿ-ի ժնեւյան բաժանմունքում բացվող երկօրյա միջազգային խորհրդաժողովի մասնակիցները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժնեւում ՄԱԿ-ի անդամ երկրների շուրջ 40 բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն ընթանում է Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ:

Հանդիպման մասնակիցները պետք է վերանայեն ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի ռազմավարության մի քանի հիմնական ուղղություններ՝ մարդու իրավունքների հարգումը, իրավունքի գերակայությունը եւ ծայրահեղականության դրսեւորման կանխումը:

Բանավեճի համար հիմք կծառայի Պան Գի Մունի կողմից այս տարվա հունվարին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված գործողությունների ծրագիրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ միջազգային հանրակցությունը պետք է համալիր մոտեցում ցուցաբերի ահաբեկչության կանխման եւ դրա դեմ պայքարի հարցերի նկատմամբ՝ ուժային միջոցների հետ մեկտեղ կիրառելով ծայրահեղականության զարգացմանը նպաստող գործոնների վերացմանն ուղղված կանխիչ միջոցներ:

Ինչպես սպասվում է, ապրիլի 8-ին համաժողովի մասնակիցների առջեւ ելույթ կունենան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի՝ թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: