ԼՂ նախագահն ընդունել է Գարեգին Բ-ին եւ Արամ Ա-ին
ԼՂ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 13-ին, հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն եւ անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը:
Երկրի ղեկավարը արժեւորել է Ամենայն Հայոց եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն ԼՂ`նշելով նրա պատմական լինելը հոգեւոր, քաղաքական եւ մատաղ սերնդին հայեցի դաստիարակության տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու ԼՂ թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգեւորական դասի մի խումբ ներկայացուցիչներ: