Բրազիլիայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Օլիմպիական խաղերում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
(last modified Mon, 18 Apr 2016 06:07:56 GMT )
Ապրիլ 18, 2016 10:37 Asia/Tehran
  • Բրազիլիայի հատուկ ծառայությունները նախազգուշացրել են Օլիմպիական խաղերում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

Կա իրական սպառնալիք, որ ահաբեկիչները հարձակման փորձ կանեն Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի ժամանակ՝ այս տարվա օգոստոսին: Այս մասին նախազգուշացրել է Բրազիլիայի հետախուզական գործակալության հակաահաբեկչական բաժանմունքի ղեկավար Լուիս Ալբերտու Սալլաբերին:

«Հավանականությունը, որ մեր երկիրը կարող է դառնալ ահաբեկչության թիրախ վերջին ամիսներին մեծացել է, ինչը պայմանավորված է այլ երկրներում իրականացված վերջին ահաբեկչություններով ու «Իսլամական պետության» գաղափարախոսությունը դավանող բրազիլացիների քանակի աճով»,- նշել է Սալլաբերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սալաբերին նաեւ հիշեցրել է այն սպառնալիքի մասին, որը հնչեցրել էր 2015-ի նոյեմբերին ԻՊ անդամներից մեկը՝ Ֆրանսիայի քաղաքացի Մաքսիմ Օշարը, որը հայտարարել էր, որ Բրազիլիան դառնալու է նոր թիրախ ահաբեկիչների համար:

Ավելի վաղ Ֆրանսիան խոստացել էր, որ Բրազիլիային կփոխանցի ազգային հետախուզության տեղեկությունները ահաբեկչական հնարավոր սպառնալիքների մասին:

Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունը ապահովելու է մոտավորապե 85 հազար մարդ՝ 47 հազար ոստիկան եւ 38 հազար զինվորական՝ սա կրկնակի շատ է, քան նախորդ Օլիմպիադայում՝ Լոնդոնում: Մրցումները անցնելու են Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-21-ը: