Թուրքիայում քրդական հարց չկա. Էրդողան
Թուրքիայի նախագահ և «Արդարություն և զարգացում կուսակցության» նախագահ Ռեջեփ Թ. Էրդողանը կուսակցության ժողովում նոյեմբերի 25-ին խոսել է քրդական հարցի մասին՝ նշելով, որ Թուրքիայում քրդական հարցը այլևս լուծված է և գոյություն չունի:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական մի քանի լրատվական կայքեր, Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ասում են քրդական հարց, ի՞նչ քրդական հարց: Դեռ 2005 թվականին Դիարբեքիրում ևս ասել եմ՝ այս երկրում (Թուրքիայում) չկա քրդական հարց, իսկ եթե լիներ էլ, ասել էինք, որ այդ հարցը իմ պատասխանատվության տակ է և մենք կլուծենք այն»:
Էրդողանը նաև խոսել է քրդերի շրջանում շարունակական ձերբակալությունների մասին՝ նշելով, որ «քուրդ եղբայրների ամենամեծ թշնամիները հենց ահաբեկիչներն են, ովքեր ունեն անջատողական նկրտումներ, լինեն նրանք քուրդ, թե այլազգի»:
Չնայած Էրդողանի արած հայտարարություններին, թուրք-քրդական հարաբերությունները վերջին շրջանում սկսել են նորից լարվել: Դեռևս նոյեմբերի 20-ին Թուրքիայում քրդական «Ժողովրդավար հասարակության կոնգրես» կազմակերպության դեմ ուղղված հետաքննության շրջանակներում մի շարք քաղաքներում ձերբակալվել էր 101 անձ:
Թուրքական անվտանգության ծառյությունները նոյեմբերի 16-ին ժամը 06:30-ի սահմաններում իրականացված գործողության արդյունքում ձերբակալել էին «Քուրդիաստանի ժողովրդական կուսակցության» անդամների:
Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, Աղրի քաղաքապետ Սավջը Սայանը թվիթերի իր էջում հայտնել էր, որ հիմնվում է քրդական նոր կուսակցություն, որը, ըստ երևույթին, կլինի իշխանամետ: Սա արվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դեմ, որը հիմնվել է գերազանցապես Թուրքիայի հարավ-արևմուտքում գործող ձախակողմյան գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի միավորմամբ և որի հիմնական գործունեությունն առընչվում է Թուրքիայի քրդերի խնդիրներին:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio