Բելգիայի խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Այս մասին տեղեկացրին Բելգիայի հայերի կոմիտեից։
«Նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն արտացոլվում է հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։
Բանաձևի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։
Այն, մասնավորապես, կոչ է անում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը, զերծ մնալ տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից, ինչպես նաև հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։
Մյուս կողմից, խորհրդարանականները ցանկանում են Լեռնային Ղարաբաղում տեսնել միջազգային այլ դերակատարների ներկայություն, մասնավորապես, խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը նպաստելու նպատակով։ Նրանք նաև կոչ են անում Բելգիայի կառավարությանը, Եվրամիության հետ մեկտեղ, նպաստել փախստականներին հումանիտար օգնության տրամադրման և ռմբակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները վերացնելու գործողություններին։
168.am