ԿԱՀ-ում զինյալների հարձակման հետեւանքով Մարոկկոյից ՄԱԿ-ի խաղաղարար է զոհվել
Կենտրոնաաֆրիկյան հանրապետությունում (ԿԱՀ) ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված Մարոկկոյից խաղաղարարը զոհվել է երկրի հարավարևելյան Ռաֆայ քաղաքի մերձակայքում` զինյալների հարձակման հետևանքով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 18-ին լրագրողներին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ` Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել, երբ առաքելության պարեկներին ուղարկել են Ռաֆայ՝ ի պատասխան «Աստծո հակազդեցության բանակ» խմբավորման անդամների կողմից Ագումար գյուղի վրա հարձակման:
Ըստ Դյուժարիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ցավակցել է զոհվածի հարազատներին եւ Մարոկկոյի իշխանություններին, ինչպես նաև նշել ՄԱԿ-ի խաղաղարարների դեմ հարձակումների անթույլատրելիությունը: «Նա ԿԱՀ-ի նորընտիր կառավարությանը կոչ է արել հետևել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Ստեֆան Դյուժարիկը: