Ռուս փորձագետները հնարավոր են համարում երկրորդ սրումը Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/world-i129778-Ռուս_փորձագետները_հնարավոր_են_համարում_երկրորդ_սրումը_Ղարաբաղում
Ռուս փորձագետները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ հակամարտությունում նոր միջադեպերի հավանականությունը դեռ չի կարելի բացառել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 12:14 Asia/Tehran
  • Ռուս փորձագետները հնարավոր են համարում երկրորդ սրումը Ղարաբաղում

Ռուս փորձագետները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ հակամարտությունում նոր միջադեպերի հավանականությունը դեռ չի կարելի բացառել:

«Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որպեսզի կողմերը հարգեն այս հրադադարը: Ես ողջունում եմ այն, որ ռուս խաղաղապահներն այդքան արագ բերվեցին այս հակամարտության գոտի, դա շատ կարեւոր է: Բայց, իմ կարծիքով, չի կարելի համարել, որ տարբեր միջադեպերի առաջացման ռիսկը վերացված է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դեսպան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի նախկին բանագնաց եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է հանրայնացնել տեղեկատվությունն այն մասին, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել էր 1994 թվականին եւ այդ կերպով գոյություն էր ունեցել շուրջ 26 տարի:

Այս կարծիքը կիսում է նաեւ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի գիտաշխատող Վադիմ Մուխանովը։ «Չկան երաշխիքներ, որ երկրորդ սրացում չի լինի: Առավել եւս, որ այն հայտարարությունները, որոնք անում են այժմ հակամարտության կողմերը համաձայնագրի կնքումից հետո, կասկած չեն թողնում, որ հակամարտության կողմերը պատրաստ են շարունակել կարգավորել իրավիճակը»,- նշել է փորձագետը:

Նրա կարծիքով` կարգավորմանը կարող է օգնել միայն կողմերի կամ քաղաքական էլիտաների կամքը: «Իրավիճակը դեռ անորոշ է: Եվ, ցավոք, ռուս խաղաղապահների կորպուսը նույն անորոշության մեջ կլինի, քանի որ նրանք ինչ-որ չափով իրավիճակի պատանդները կլինեն... սրացումների կրկնության մեծ ռիսկեր կան ոչ միայն Հադրութում, այլ նաեւ կենսական նշանակության այլ տարածքներում, այդ թվում` Լաչինի միջանցքի սահմանների երկայնքով»,- եզրափակել է գիտաշխատողը:Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio