Պուտինը ԼՂ հակամարտության համատեքստում դարձյալ խոսել է Սումգայիթի էթնիկ բախումների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս դարձյալ խոսեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի և ադրբեջանիցների միջև տեղի ունեցած էթնիկ բախումների մասին, որոնք հետագայում տեղափոխվել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Պուտինն անդրադարձավ իր մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հակամարտության էթնիկական արմատները սկսվել են Սումգայիթից, հետո տեղափոխվել` Լեռնային Ղարաբաղ: Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել, որպեսզի պաշտպանեն իրենց կյանքն ու արժանապատվությունը»,- ասաց Պուտինը:
Վլադիմիր Պուտինը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում այս տարի իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, որովհետև լարվածությունը ձգվում էր երկար տարիների ընթացքում:
«Չեմ կարծում, որ սա տեղի ունեցավ արտաքին ազդեցության պատճառով: Բազմաթիվ փոխհրաձգություններ, փոքր բախումներ էին տեղի ունենում և այդ ամենը հանգեցնում էր հակամարտության: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ այն էր, որ մենք պետք է առանց արյունահեղության հասնենք պայմանավորվածությունների, այդպիսին էր մեր դիրքորոշումը նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որտեղ համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- նշեց ՌԴ նախագահը:
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, դարձյալ նշել էր, որ այն սկսվել է Սումգայիթի էթնիկ բախումներից:
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio