Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա
https://parstoday.ir/hy/news/world-i130074-Վրաստանը_բարիդրացիական_հարաբերություններ_կպահպանի_թե_ՀՀ_ի_թե_Ադրբեջանի_հետ_Գախարիա
Պետք է շատ զգույշ խոսել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շատ զգույշ գնահատել այն, հայտարարել է Վրաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ընդգծելով, որ տեղի ունեցածի վերջանական արդյունքները դեռ որևէ մեկի համար պարզ չեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 11:12 Asia/Tehran
  • Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա

Պետք է շատ զգույշ խոսել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շատ զգույշ գնահատել այն, հայտարարել է Վրաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ընդգծելով, որ տեղի ունեցածի վերջանական արդյունքները դեռ որևէ մեկի համար պարզ չեն։

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ երկիրը կպահպանի չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Նա հայտարարել է, որ մտադիր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։

Չնայած տարածաշրջանում հակամարտության հետ կապված դժվարին մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել, որը հնարավորություն տվեց «բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ»,-հայտարարել է Գախարիան։

Դա շատ կարևոր է, որպեսզի Վրաստանը հետագայում ևս կարողանա իրականացնել բարիդրացիության տարածաշրջանային ֆունկցիան, ընդգծել է նա։

«Պետք է շատ զգույշ խոսել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շատ զգույշ գնահատել այն, քանի որ տեղի ունեցածի վերջանական արդյունքները դեռ որևէ մեկի համար պարզ չեն։ Դրա համար ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք տեսնենք այդ փոփոխությունների ուրվագծերը, ինչն անհրաժեշտ է դրանց վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման համար»,-հայտարարել է Գախարիան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախյան ռազմաճակատում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio