Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը պետք է շարունակվի. Շտայնմայեր
Գերմանիան դրական է գնահատում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը։ Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Լավ է, որ այսօր կայացել է գրեթե երկու տարում Խորհրդի շրջանակում առաջին հանդիպումը։ Նույնիսկ Ուկրաինայում իրավիճակի էսկալացիայի բարդ պահերին ես կողմ եմ հանդես եկել այն բանին, որպեսզի Ռուսաստանի հետ բանակցային թելը չկտրենք»,- ասել է նա։
«Հենց բարդ թեմաների բազմազանության պատճառով այդ երկխոսությունն ինքնին արժեքավոր է և պետք է շարունակվի»,- նշել է նախարարը։
Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերն իր հերթին նշել է, որ Գերմանիան ողջունում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպման անցկացումը, և կարծում է, որ դաշինքն ու Մոսկվան պետք է շարունակեն երկխոսությունը կարծիքների փոխանակման իրականացման և հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար։