Քրդերին չեն հրավիրի Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններին
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսին հայտնել է, որ սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունը չի հրավիրվի Ժնևում միջսիրիական բանակցություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երկուշաբթի դե Միստուրան, որը միջնորդ է միջսիրիական բանակցություններում, հայտարարել է, որ գործընթացը կսկսվի հունվարի 29-ին և կտևի 6 ամիս: Երեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առանց քրդերի, այդ թվում՝ սիրիացի, մասնակցության Սիրիայում կարգավորման շուրջ բանակցություններն արդյունավետ չեն լինի:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս աջակցել է քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին, բայց միևնույն ժամանակ դեմ է արտահայտվել Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության մասնակցությանը, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում: