Կանադան ԼՂ պատերազմի պատճառով չեղարկել է ռազմական տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունը
(last modified Tue, 13 Apr 2021 06:57:05 GMT )
Ապրիլ 13, 2021 11:27 Asia/Tehran
  • Կանադան ԼՂ պատերազմի պատճառով չեղարկել է ռազմական տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու թույլտվությունը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտնել է Թուրքիա սպառազինություն և ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունները չեղարկելու որոշման մասին, քանի որ հետաքննությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում (2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը) օգտագործվել են կանադական տեխնոլոգիաներ:

Պատերազմի ընթացքում Թուրքիային մատակարարված կանադական ռազմական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ հաղորդումներից հետո Կանադան ժամանակավորապես կասեցրել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:

«Կանադայի արտաքին գործերի նախարարությունը, խորհրդակցելով Ազգային պաշտպանության նախարարության հետ, ամբողջությամբ վերանայել է Թուրքիայի համար նախատեսված ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման բոլոր կասեցված և գործող թույլտվությունները: Հաշվի առնելով, որ ուսումնասիրությունը հավաստի ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում, այսօր ես հայտարարում եմ 2020 թվականի կասեցված թույլտվությունները չեղարկելու մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է Գարնոն: Նա ընդգծել է, որ կանադական տեխնոլոգիաների նման կիրառումը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանն ու չի համապատասխանում Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին:

Մարկ Գարնոն հայտնել է, որ խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ նրան հայտնելու իրենց մտահոգություններն ու սկսելու երկխոսության մեխանիզմ կանադացի և թուրք պաշտոնյաների միջև՝ հանուն փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio