ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները չեն կարող որակվել որպես հանցագործներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանն ասաց Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ, բելգիացի պատգամավոր Թոմ Վանդենքենդելարը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում է: Այն մտահոգության լուրջ առիթ է Եվրամիության համար, մասնավորապես ռազմագերիների հայրենադարձման հարցի տեսանկյունից: Մեծ է անորոշությունը ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ»,- նշեց բելգիացի խորհրդարանականը:
Նշելով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ԵՄ արևելյան քաղաքականության գործընկերներն են՝ Վանդենքենդելարը շեշտեց. «Մենք պետք է բավական ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, նրանք չեն կարող անպատիժ մնալ»:
Պատգամավորը հայտարարեց, որ պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և «այս անընդունելի իրավիճակին վերջ տալու նպատակով»: