Սկանդալ Թուրքիայում․ մաֆիայի ղեկավարի բացահայտումները ցնցում են Էրդողանի կառավարությունը
Թուրքիայի կառավարությունը բուռն կերպով է արձագանքում փախուստի մեջ գտնվող հանցավոր խմբի ղեկավարի կառուպցիայի մեղադրանքներին, որի YouTube-ի տեսանյութերն արդեն դիտել են միլիոնավոր թուրքեր։ Թուրքիայի իշխող ուժին ցնցող նոր սկանդալին անդրադարձել է բրիտանական BBC-ն։
Լրատվամիջոցը նշում է, որ բանդայի ղեկավար Սեդաթ Փեքերի՝ կիրակի հրապարակած տեսանյութն ունեցել է ավելի քան 12 մլն դիտում։ Երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կոչ է արել հետաքննել Փեքերի հայտարարություններն ու մեղադրել զրպարտության մեջ։
Փեքերը նշել է, որ հիմա Դուբայում է։ Ի դեպ՝ նա մի քանի անգամ արդեն բանտարկվել է Թուրքիայում։ Փեքերը սկսել է տեսանյութերը հրապարակել մայիսի սկզբին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը թիրախավորել է նրան ու իր բանդային։ Փեքերն անցյալ տարի փախել է Թուրքիայից՝ հետապնդումներից խուսափելու համար, ավելի վաղ էլ բանտարկվել է՝ խարդախության ու հանցավոր խումբ ղեկավարելու համար։
Լրատվամիջոցը գրում է, որ ըստ Փեքերի՝ ներքին գործերի նախարար Սոյլուն նրան պաշտպանություն է առաջարկել անցյալ տարի և դուրս բերել երկրից՝ հնարավորություն տալով փախչել Թուրքիայից նախքան ձերբակալումը։ Սակայն Սոյլուն, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից է, հերքում է այս պնդումները։ Նա նշում է, որ տեսանյութերը «միջազգային գործողության» մաս են։
orakarg.com