Չավուշօղլուն գնաց Փաշինյանի «հետևից» հետախուզության
https://parstoday.ir/hy/news/world-i142792-Չավուշօղլուն_գնաց_Փաշինյանի_հետևից_հետախուզության
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն մեկնել է Փարիզ, որտեղ բանակցություն կվարի Ֆրանսիայի ղեկավարության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2021 15:20 Asia/Tehran
  • Չավուշօղլուն գնաց Փաշինյանի «հետևից» հետախուզության

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն մեկնել է Փարիզ, որտեղ բանակցություն կվարի Ֆրանսիայի ղեկավարության հետ:

Մեկնումից առաջ նա հայտարարել է, թե ակնկալում է ֆրանս-թուրքական արդյունավետ բանակցություն և երկու երկրների մջև լարվածության թուլացում: Թուրքիայի արտգործնախարարի այցը հաջորդում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Փարիզ այցին և Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպմանը, որի ընթացքում նախագահ Մակրոնը վերհաստատեց Հայաստանին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը:

Չավուշօղլուի այցը փաստացի ստացվում է այց Նիկոլ Փաշինյանից հետո, սակայն քաղաքական խորքային իմաստով այդ հաջորդականությունն իհարկե հազիվ թե ունի որևէ ուղիղ կապ: Ֆրանս-թուրքական օրակարգը, այդ թվում իհարկե բավականին մեծ լարվածությամբ, ունի ավելի խորքային և բազմազան շերտավորում և ռազմավարական ընդգրկում: Միևնույն ժամանակ սակայն, Հայաստանն ու Կովկասը այստեղ ամենևին երկրորդական չեն, որքան էլ այցը ուղիղ որևէ կապ չունի Փաշինյանի այցի հետ: Բանն այն է, որ Ֆրանսիան այն բանից հետո, երբ թուրքական ահաբեկչական և ռազմա-տեխնիկական աջակցությամբ Ադրբեջանը գրոհեց Արցախը, հանդես է եկել Հայաստանի և Արցախի իրավունքների հստակ շեշտադրմամբ և հայկական օրակարգի պաշտպանությամբ: Այդ ամենն առավել ընդգծվել է նոյեմբերի 9-ից հետո: Ֆրանսիան խորհրդարանի երկու պալատների մակարդակով բանաձև է ընդունել Արցախի ճանաչման և 1994 թվականի հրադադարի գիծը վերականգնելու մասին: Թեև գործադիր իշխանությունը չի գնացել բանաձևերի շարունակության ճանապարհով, թեև Ֆրանսիայի դիրքորոշումները չեն ազդել պատերազմի ընթացքի վրա և չեն կանխել ստատուս-քվոյի փոփոխությունը ու Հայաստանի և Արցախի պարտությունը, այդուհանդերձ դրանք ունեն առանցքային նշանակություն հետագա քաղաքական գործընթացի իմաստվ, հատկապես հնարավոր լայն փոփոխությունների պայմաններում:

Մասնավորապես, եթե առաջիկայում սպասվելիք Բայդեն-Պուտին հանդիպմանը կողմերը ձեռք բերեն թեկուզ կարճաժամկետ կամ միջնաժամկետ բնույթի որոշակի վարքագծի շուրջ փոխհամաձայնություն, այն կարող է իր դերն ունենալ նաև կովկասյան իրավիճակի վրա: Իսկ այդ համատեքստում Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումը կարող է դառնալ նոր իրավիճակի դրսևորման գործոններից մեկը՝ ամերիկա-ռուսական որոշակի փոխզիջման կամ պայմանավորվածության համատեքստում: Ի վերջո, հազիվ թե պետականության ահռելի ինստիտուցիոնալ ավանդույթով Ֆրանսիան զբաղված լինի ռոմանտիկ դիրքորոշումների ձևակերպումով, որքան էլ Փարիզն անշուշտ ռոմանտիզմի աղբյուր է: Թուրքիան այդ իրավիճակում փորձում է շոշափել և հասկանալ այդ հեռանկարների իրատեսականությունը, հատկապես Էրդողան-Բայդեն հանդիպումից առաջ, որը նախորդելու է Պուտին-Բայդենին:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio