Թուրքիայի Բիթլիս նահանգի 19 շրջանում ռազմական դրություն է հայտարարվել
Պաշտոնական Անկարան Թուրքիայի Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարի շրջանակում այդ երկրի արևելքում գտնվող Բիթլիս նահանգի 19 շրջաններում ռազմական դրություն է հայտարարել: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Բիթլիսի նահանգապետարանը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարելու նպատակով նահանգի 19 շրջաններում փողոց դուրս գալու արգելքն ուժի մեջ է մտել 2021թ․ հունիսի 22-ին՝ ժամը 02։00-ին և կշարունակվի մինչև պատկան մարմինների կողմից համապատասխան որոշման հրապարակումը»։
Հաղորդագրության մեջ ասված է.«Քաղաքացիներն առանց համապատասխան մարմինների թույլտվության չեն կարող մուտք գործել այն շրջաններ, որտեղ ռազմական դրություն է հայտարարվել»:
Ներկայումս Դիարբեքիրի, Մարդինի, Շիրնաքի, Թունջելի և Հաքքարի նահանգների ավելի քան 250 վայրերում գործում են հատուկ ռազմական գոտիների համար նախատեսված կանոններ: