Անկարան մեծացնում է Մոսկվայի վրա ճնշումը «միջանցքի» հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i144138-Անկարան_մեծացնում_է_Մոսկվայի_վրա_ճնշումը_միջանցքի_հարցում
Հունիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2021 13:51 Asia/Tehran
  • Անկարան մեծացնում է Մոսկվայի վրա ճնշումը «միջանցքի» հարցում

Հունիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև:

Դրա ընթացքում քննարկվել է նաև արցախյան հարցն ու ռեգիոնալ իրադրությունը: «Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով», ասվում է զրույցի մասին հաղորդագրությունում: Ոչինչ ասված չէ այն մասին, թե ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը Ադրբեջանում թուրքական ռազմակայանների տեղակայման մասին: Մինչդեռ, հունիսի 15-ին Շուշիում Ալիևի հետ հռչակագիր ստորագրելուց հետո Էրդողանը հայտարարեց այս մասին, հենց նշելով, որ հարցը Պուտինի հետ առաջիկա շփումներում քննարկելու են թե Ալիևը, թե ինքը: Հայտնի է նաև, որ Էրրդողանի հետ հեռախոսազրույցից առաջ Պուտինը հունիսի 24-ին հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ՝ վերջինի նախաձեռնությամբ, և հունիսի 25-ին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կասկածից վեր է, որ երեք հեռախոսազրույցները ունեն ընդհանուր գիծ և տրամաբանություն, կազմում են որոշակի օրակարգային եռանկյուն: Նաև այդ տեսանկյունից է էական, թե արդյո՞ք Էրդողանը և Ալիևը Պուտինի առաջ բարձրացրել են Ադրբեջանում թուրքական ռազմակայանի հարցը, որովհետև ակնառու է, որ հարցը oրակարգ է բերվել որպես ճնշում Մոսկվայի վրա, մեծ հավանականությամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջ տանելու համար: Խոշոր հաշվով, Թուրքիան ներկայումս Ադրբեջանի հանդեպ ունի ռազմա-քաղաքական այնպիսի ազդեցություն և ներկայություն, հատկապես Արցախի դեմ պատերազմը առաջնորդելուց հետո, որ ռազմակայանի տեղակայումը Անկարայի համար ավելի շուտ գործիք է այլ հարցերի համար, քան նպատակ: Այդ տեսանկյունից, գլխավոր նպատակն այժմ թերևս «միջանցքն» է, որը մերժում է Հայաստանը, և Հայաստանի միջոցով էլ թերևս՝ Մոսկվան: Հենց այստեղ է, որ Անկարան փորձում է ճնշում բանեցնել Մոսկվայի վրա, ինչն անում է ամենևին ոչ միայն Ադրբեջանում ռազմակայան տեղակայելու առումով:

Էրդողանը օրերս Անկարայում ընդունել է ՌԴ կազմում գտնվող Թաթարստանի ինքնավար հանրապետության նախագահ Ռուստամ Մինիխանովին, ընդ որում այնպիսի արարողակարգով, որը գրեթե հավասարազոր է այսպես ասած միջազգային իրավունքի ինքնիշխան սուբյեկտի ղեկավարի հետ հանդիպման: Համենայն դեպս, Էրդողանն իր նստավայրում Թաթարստանի նախագահին ընդունում է այդպիսի պատվով, այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի նախագահին նույնիսկ հավասարազոր աթոռ չէին առաջարկել:

Թուրքիան խոսում է Թաթարստանում իր ահռելի ներկայության մասին, իհարկե խոսքն առայժմ տնտեսական ներկայության մասին է, բայց այդ համատեքստում արժե հիշել նաև դեռևս 2020  թվականին Իդլիբի հարցում ռուս-թուրքական սրացման ֆոնին Էրդողանի խորհրդականի հայտարարությունը՝ Ռուսաստանը ներսից 25 միլիոն մահմեդականով քանդելու կարողության մասին, որը չարժանացավ Մոսկվայից որևէ համարժեք պատասխանի: Սակայն, հիշել պետք է երևի թե ոչ միայն դա, այլ բոլորովին վերջերս նույն թաթարստանի մայրաքաղաք Կազանում տեղի ունեցած խորհրդավոր հրձիգի դեպքը, երբ մի պատանի մտել էր դպրոց և գնդակահարել աշակերտներին: Ընդ որում հատկանշական է, որ ռուսական համապետական մեդիայում առաջին օրերին բուռն ուշադրության արժանացած դեպքը կարծես թե «մոռացվել» է: Այդ իրողությունները անշուշտ Հայաստանի լրջագույն ուշադրությանն արժանի զարգացումներ են, որովհետև առանցքային հարց է, թե կդիմանա՞ արդյոք Մոսկվան այդ ճնշմանը, ունի՞ դրա հնարավորությունը, և ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանը այն դեպքի համար, երբ Մոսկվան հերթական անգամ տեղի կտա Անկարային: Միաժամանակ, պետք չէ բացառել և այն, որ Անկարայի ճնշումն ունի ավելի լայն շրջանակ և առնչվում է այլևս ոչ թե Կովկասին, այլ միջինասիական ռեգիոնին, որտեղ Թուրքիան ստանում է նոր դեր և ընդլայնում ներկայությունը:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio