Սուդանի նախագահի հրամանագրով առաջին անգամ բացվել է Հարավային Սուդանի հետ սահմանը
Սուդանի նախագահ Օմար Հասան ալ Բաշիրը Հարավային Սուդանի հետ սահմանը բացելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:
Փաստաթղթի համաձայն, պատկան մարմինները «պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները սահմանը բացելու համար», հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով SUNA գործակալությունը:
Սուդանի նախագահի այս որոշումն ընդունվել է 5 օր անց այն բանից հետո, երբ Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրը հրամայեց զորքերին 8 կմ նահանջել երկու երկրներն իրարից բաժանող սահմանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ նշվել էր, որ ՄԱԿ-ը մտադիր է 1,3 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել քաղաքացիական պատերազմից տուժած Հարավային Սուդանին:
Հարավային Սուդան պետությունն աշխարհի քարտեզի վրա հայտնվել է 2011 թվականի հուլիսի 9-ին, երբ ստորագրվեց հանրապետությունն անկախ պետություն հռչակելու փաստաթուղթը: Հուլիսի 14-ին Հարավային Սուդանը դարձավ ՄԱԿ-ի 193-րդ անդամ երկիրը: Հինգ տարվա ընթացքում Սուդանն ու Հարավային Սուդանն այդպես էլ չկարողացան պայմանավորվել մի շարք հարցերի շուրջը, այդ թվում սահմանազատման եւ նավթով հարուստ Աբեյի վիճելի շրջանի կարգավիճակի վերաբերյալ: