Ռուսաստան. Մոսկվան գազը դրամ շորթելու համար չի օգտագործում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 29-ին իր թելեգրամյան էջում գրել է.«Մոսկվան գազն օգտագործում է փոխշահավետ համագործակցության, ոչ թե դրամ շորթելու համար: Եվրամիությունը և Լեհաստանը դա լավ գիտեն, ուստի ավելի լավ է շահավետ որոշումներ կայացնեն»։
Վերջերս Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ավելացնել Ուկրաինայի տարածքով գազի արտահանման ծավալը, եթե Եվրամիությունը դա ցանկանա։
«Արտահանման ծավալների աճը կախված է նրանից, որ գազի տարանցման համար Կիևը ապահովի մրցակցային պայմանները»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով «Գազպրոմը» կատարում է Եվրամիության առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, և գազի մատակարարումները հասել են բանակցության արդյունքում համաձայնեցված առավելագույն ծավալին։
Անցած շաբաթ Եվրամիությունում գազի գինը հասել էր իր ամենաբարձր մակարդակին՝ հազար խորանարդ մետրի դիմաց 1900 դոլար։ Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ արեց ավելի շատ գազ մատակարարել, որից հետո գներն ընկան: