Ամերիկյան Abrams տանկերն արդեն իսկ Վրաստանում են
Georgia Online-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ծանր տեխնիկան, որը պետք է մասնակցի «Արժանի գործընկեր 2016» (Noble Partner 2016) համատեղ զորավարժություններին, արդեն իսկ գտնվում է Վրաստանում:
Վրաստանի ՊՆ-ն հայտնել է, որ M1A2 Abrams և M2 Bradley հետևակի մարտական մեքենաները ուղևորվում են դեպի Վազիանիի զորավարժարան: Ռազմական տեխնիկան բեռնվել է Բուլղարիայում՝ Վառնայի նավահանգստում, և Վրաստան է հասցվել լաստանավով:
Վրաց-ամերիկյան Noble Partner զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երկրորդ անգամ: Դրանց նպատակը վրացական ստորաբաժանումների պատրաստության բարձրացումն է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NRF) հետ փոխգործակցության հանդեպ:
Զորավարժություններին մասնակցելու է 1300 զինծառայող, որոնցից 650-ը լինելու են ԱՄՆ եվրոպական հրամանատարության զինծառայողներ, 500-ը՝ վրացի զինծառայողներ, իսկ մնացյալ 150-ը՝ բրիտանացի զինծառայողներ:
Վրաստանի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ կօգտագործվեն ամերիկյան Abrams տանկեր: Զորավարժություններն անցկացվելու են մայիսի 11-26-ը: