Չեխիան հայտարարել է լեհ-բելառուսական սահման զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին
Պրահան պատրաստ է ուղարկել իր ոստիկանությունն ու զինվորականները՝ օգնելու Վարշավային՝ լուծելու լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը, հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Բուդապեշտում «Վիշեգրադյան քառյակի» երկրների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովից հետո։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միաժամանակ քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Լեհաստանից նման խնդրանք դեռ չի ստացվել։
«Այն, ինչ հիմա կատարվում է լեհ-բելառուսական սահմանին, լիովին անընդունելի է: Լուկաշենկոյի վարչակարգի պահվածքը անցնում է բոլոր սահմանները: Մենք կողմ ենք պատժամիջոցներին, որոնք պետք է արագ կիրառվեն և լինեն արդյունավետ»,- ասել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։
Վարչապետն ընդգծել է, որ զինծառայողներ հնարավոր կլինի ուղարկել Լեհաստան միայն Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից որոշումը հաստատելուց հետո։ Նախաձեռնությանն աջակցել է նաև հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը։ Իր լեհ գործընկեր Անջեյ Դուդային ուղղված նամակում նա հիշեցրել է, որ Լեհաստանի և Բելառուսի սահմանը նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանն է։
livenews.am