Թուրքիայի արժութային ճգնաժամը Էրդողանի ձեռքի գործն է. Financial Times
Լրատվամիջոցը կարծում է, որ լիրայի անկումը տնտեսության մեջ առկա խնդիրների հետևանք չէ։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեության հետևանքն է, գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Թուրքիայում արժութային ճգնաժամը պայմանավորված չէր երկրի տնտեսական խնդիրներով, ճգնաժամը Էրդողանի ձեռքի գործն է»,– նշված է հոդվածում։
ԶԼՄ–ն փաստարկներ է բերում, որոնց համաձայն` Թուրքիայի տնտեսությունը կայունացել է և արդեն օգոստոս–սեպտեմբերին դրական սալդո է ցուցադրել արտահանման հսկայական աճի ու օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի վերականգնման շնորհիվ։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Էրդողանի վարկանիշը նվազում է գների միաժամանակյա աճի հետ, ինչը կենսամակարդակի կտրուկ անկման է հանգեցնում։
Պարբերականի վերլուծաբանների կարծիքով` մեծ ներուժ ունեցող Թուրքիայի առջև ծառացած միակ հարցն այն է, թե որքան կկառավարի նախագահը և ինչ վնաս կարող է հասցնել հեռանալուց առաջ։
Հիշեցնենք, որ թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում գրեթե 40 տոկոսով արժեզրկվել է, իսկ անցած երեքշաբթի նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 13,21 լիրայի։ Արժույթի արժեզրկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս, իսկ Թուրքիայի նախագահը հեռուստաուղերձում կրկին կողմ արտահայտվեց հաշվարկային տոկոսադրույքի նվազեցմանը:
Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները նոյեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ կոմպետենտ լինելու մեղադրանք էին ուղղել: Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին կոչ էին արել արտահերթ ընտրություն անցկացնել:
Էրդողանը մերժել էր ընդդիմության պահանջը՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում, այսինքն՝ 2023 թվականի հունիսին։
armeniasputnik.am