Աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i157644-Աշխարհում_հետազոտություններ_են_իրականացնում_Օմիկրոն_տարբերակի_հատկությունները_բացահայտելու_ուղղությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2021 թվականի նոյեմբերին հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2021 13:52 Asia/Tehran
  • Աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2021 թվականի նոյեմբերին հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին:

Այս մասին հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նշելով, որ այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ:

«Այս պահին պարզ չէ, «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է այս տարբերակը, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը: Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյոք այն պայմանավորված է «Օմիկրոն» տարբերակով, թե՞ այլ գործոններով»,- նշվում է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

COVID-19-ի հարուցչի բոլոր տարբերակները, ներառյալ ամբողջ աշխարհում գերիշխող «Դելտա»-ն, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի և մահվան՝ հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում։ «Օմիկրոնը» կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը։ Ըստ այդմ, պատվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հետամուտ են առողջապահական միջազգային կառույցների` COVID-19-ի և դրա նոր շտամների մասին ուսումնասիրություններին և շարունակելու են տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ` հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա:

yerevanlur.am